Քաղաքականություն

Վանեցյանն ու Փաշինյանը, եթե ասելիք ունեն հանրությանը` թող ասեն բաց տեքստով․ Անի Սամսոնյան

«Հայկ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի գործով շատ կարևոր վկա էր, և սա պետք է ազդակ լինի, որ մենք կարողանանք պաշտպանել այս գործով անցնող բոլոր վկաներին`անկախ նրանից, թե ինչ կորոշի նախաքննական մարմինը, և ինչ որակում կտա այդ քայլին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն`անդրադառնալով նախկին ոստիկանապետի մահվան հանգամանքներին:

Պատգամավորը սխալ է համարում Հայկ Հարությունյանի տված ցուցմունքների և կատարվածի միջև կապեր որոնելը կամ, առհասարակ, վարկածներ առաջ քաշելը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան շարունակվող «հակամարտությանը», մեր զրուցակիցն ասաց` իր տպավորությամբ, Արթուր Վանեցյանը և Նիկոլ Փաշինյանը մեկմեկու պատերազմ են հայտարարել և մրցում են, թե ո՞վ ում շատ կխոցի. «Սա սխալ է և անարդար է հանրության նկատմամբ: Նախ բացատրություն չտրվեց, թե Արթուր Վանեցյանն ինչու է հեռանում: Դրանից հետո նոր պատերազմ է սկսվում, ենթատեքստերը խորանում են`թույլ տալով առաջ քաշել վտանգավոր ենթադրություններ: Սա պետք է դադարեցվի: Թե՛ պարոն Վանեցյանը, թե՛ պարոն Փաշինյանը, եթե ասելիք ունեն հանրությանը`թող ասեն բաց տեքստով: Եթե պետք է խոսեն ենթատեքստերով, ավելի լավ է չմոլորեցնեն մեզ բոլորիս»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ