Բացառված չէ, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին ևս մեկ անգամ կարող է վարակվել: Արդեն իսկ երեք քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել: Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի արտահերթ նիստում այս մասին հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը:
«Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով հայնաբերվում է: Հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ մատերիալի վրա, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում` առանց պատյանի: Դա չի բազմանում ու չի արտազատվում»-, նշեց նախարարը:

