fbpx
Իրավական

Վարչապետի կոչը վտանգում է դատական իշխանության անկախությունը․ Փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն իր ամբողջ կազմով հրատապ նիստ է անցկացրել և որոշել է կոչով դիմել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը` ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել դատական իշխանության անկախությունը կամ դիտարկվել որպես միջամտություն արդարադատության իրականացմանը:

Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարության տեքստում նշվել է՝

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 19.05.2019թ․ ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հասարակության անդամներին՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակել: Այս կոչը լայնորեն տարածվել է էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն այդ առիթով իր անհանգստությունն է հայտնում հաշվի առնելով այն, որ կոչի իրագործման դեպքում կխախտվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները:

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները և արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

ՄԱԿ-ի 06.09.1985թ․՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներ»-ի 1-ին և 7-րդ կետերի համաձայն՝

– դատական մարմինների անկախությունը երաշխավորվում է պետության կողմից և հաստատվում է Սահմանադրությունում կամ երկրի օրենքներում: Բոլոր պետական և այլ հիմնարկները պարտավոր են հարգել և պահպանել դատական մարմինների անկախությունը․

– յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել` դատական մարմիններին հնարավորություն տալով իրենց պարտականությունները կատարել պատշաճ կերպով:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

Ժամանակակից իրավական պետության (որպիսին հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը) մեխանիզմը գործում է պետական իշխանության 3 ինքնուրույն թևերի՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներով: Իշխանությունների կառուցակարգային բաժանումը պահանջում է, որ օրենսդիրը և գործադիրը իրավունք չունենան միջամտել կամ ներխուժել արդարադատության իրականացման ոլորտ։

Վարչապետը ներկայացնում է պետության թևերից մեկը՝ գործադիր իշխանությունը: Հետևաբար, վարչապետի կոչի հիման վրա դատարանների գործունեության փաստացի խոչընդոտումը կամ դատական իշխանության գործելու փաստացի սահմանափակումները վտանգում են դատական իշխանության անկախությունը:

Այս մոտեցումը ՀՀ փաստաբանների պալատին անհանգստացնում է նաև այն տեսակետից, որ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակող և նմանատիպ գործողությունները կարող են համընդհանուր կաշկանդող ազդեցություն ունենալ դատական համակարգի անկախության նկատմամբ: Որպես հետևանք, դատավորները հակված են լինելու հրաժարվել գործադիր իշխանությանն անհաճո օրինական դատական ակտեր կայացնելուց՝ անցումային արդարադատության կամ նմանատիպ գործողությունների վտանգ կանխազգալով, ինչն ուղղակիորեն կխոցի պետության իրավական անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը պատրաստ է աջակցել վարչապետի կամ իրավասու այլ պաշտոնատար անձի ցանկացած այն նախաձեռնությանը, որն ուղղված կլինի դատական համակարգից կոռուպցիան վերացնելուն, նոր կամ նախկին պաշտոնատար անձանց ապօրինի ազդեցությունը վերացնելուն, համակարգը որակյալ կադրերով համալրելուն և արդարադատության որակը բարելավելու այլ գործողություններին:»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ