fbpx
Տնտեսություն

Վարչապետի մոտ քննարկում է տեղի ունեցել․ տրվել են հանձնարարականներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

«Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցերը ու տեսնելու, թե օրակարգային հարցերին ինչ անդրադարձ ենք ունեցել և ինչպես ենք հասցեագրել, այս պահին ինչ իրադրություն ունենք, գնահատականն ինչպիսին է, տարվա հետ կապված ինչ կանխատեսումներ ունենք, մանավանդ պարենային անվտանգության առումով: Նաև մտքեր փոխանակենք գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած ծրագրերի վերաբերյալ, որովհետև բավական մեծ թվով և բովանդակությամբ ծրագրեր ունենք, բայց նաև պետք է գնահատենք, թե այդ ծրագրերն ինչպես են իրականացվում, ինչպիսի արձագանք են գտնում պոտենցիալ շահառուների շրջանում և եթե այդ ցուցանիշը բարձր չէ, հասկանանք՝ ինչ պետք է փոխենք»:

Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի շուկաներում ընթացիկ իրավիճակի, մշակովի հողատարածքների ծավալի, ջրամբարների լցվածության, ոռոգման համակարգի վիճակի վերաբերյալ: Պատասխանատուները ներկայացրել են այս ուղղություններով իրականացվող մշտադիտարկումների արդյունքները և գնահատականները: Նշվել է, որ խնդիրները գտնվում են վերահսկելի միջակայքում, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ծրագրերին, գյուղմթերքի վերամշակման և արտահանման գործընթացի խթանման գործիքակազմին, գյուղապահովագրությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել միջազգային տնտեսական զարգացումներով պայմանավորված ռիսկերին և դրանց հնարավոր ազդեցության կառավարման հարցին:

Կառավարության ղեկավարին տեղեկատվություն է ներկայացվել նաև գյուղոլորտի ծրագրերի ընթացքի մասին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդյունավետ է գնահատել ինտենսիվ գյուղատնտեսության, գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, այծաբուծության, ոչխարաբուծության ծրագրերը: Նա զեկուցել է, որ նաև մշակվում է ծրագիր՝ գյուղոլորտում օրգանական պարարտանյութի օգտագործումը խթանելու նպատակով:

Վարչապետն ընդգծել է գարնան գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է օպերատիվ շտաբի ձևաչափով ինտենսիվ աշխատել այս ուղղությամբ՝ հնարավոր խնդիրներին արագ ու հասցեական արձագանքելու և իրավիճակն ուշադրության կենտրոնում պահելու համար», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ