Քավ լիցի, մենք չենք պատրաստվում, և մեր մտքում էլ չկա ՀԱՊԿ-ից դուրս գալ։
Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, որ ՀՀ մի շարք պաշտոնյաներ վերջին շրջանում հրաժարվում են մասնակցել ՀԱՊԿ կամ ռուսական կողմի նախաձեռնած միջոցառումներին, ի՞նչ է դա նշանակում:
«Այս քայլով արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու հո՞ղ եք նախապատրաստում։ Եթե այո, ապա ի՞նչ անվտանգային համակարգով ենք այն փոխարինելու»,- հարցրեց Խամոյանը։
«ՀԱՊԿ-ում տեղի ունեցող պրոցեսների և մեր դիրքորոշումների հետ կապված ամենակարևոր արձանագրումն այն է, որ, ցավոք, ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած դե յուրե պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, և դա կրկնվել է մի քանի անգամ: Մենք ուղղակի արձանագրում ենք, որ մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք մենք ամեն անգամ գնում կրկնում նույն բաները և չստանալով ոչ մի արձագանք՝ հետ վերադառնում: Ամենամեծ պրոբլեմն այն է, որ դե յուրե ՀԱՊԿ-ը, ըստ էության, հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանում, ինչը կարող է նշանակել, որ մենք, այդ պայմաններում լուռ մասնակցելով, կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող, մենք այսպիսի որոշումներ ենք կայացում, որպեսզի մեզ և ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք հետագա անելիքների մասով»,- մանրամասնեց ՀՀ կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց՝ չեն հրաժարվել, որ ՀԱՊԿ-ը առաքելություն ուղարկի ՀՀ:
«Մենք ասել ենք՝ ո՞ւր եք ուղարկում, որտե՞ղ, խնդրում ենք ցույց տվեք ձեր պատկերացրած ՀՀ-ն: Մեզ ցույց չի տրվել, մենք ենք ցույց տվել, ասել ենք, որ այս արձանագրումը պիտի արվի, ինչը ՀԱՊԿ-ը չի արել: Քանի դեռ չի արել, մենք չենք կարող նման առաքելություն ընդունել»,- ասաց վարչապետը՝ հավելելով. «Մենք մեր անվտանգային հարաբերությունները դիֆերսիֆիկացնում ենք, որովհետև մեր գործընկերները մեզ չեն կարողանում զենք-զինամթերք վաճառել»: