fbpx
Սպորտ

Վաղը կփորձենք լավագույն խաղերից մեկն անցկացնել․ Գյուլբուդաղյանց

Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման նախօրեին «Վերիտաս» ստադիոնում կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը:

Խոսելով Մխիթարյանի բացակայության մասին՝ մարզիչն ասել է. «Մխիթարյանը մեր առաջնորդն է, մեր ավագն ու ամենակարևոր ֆուտբոլիստը:

Հուսով եմ՝ տղաները կհամախմբվեն և ամեն ինչ կանեն հաղթանակի համար»:

Անդրադառնալով Լիխտենշտեյնի հետ խաղին՝ մարզիչը նշեց, որ մրցակիցը խորը և կոմպակտ էր պաշտպանվում:

«Գոլից հետո դժվարացանք պահերն օգտագործել: Կփորձենք ավելի ագրեսիվ խաղալ՝ ցույց տալով մեր լավագույն խաղերից մեկը: Համախմբված կլինենք և կհասնենք հաղթանակի:

Եթե հանգիստ, առանց էմոցիաների հանդիպումը դիտենք, առաջին խաղակեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում հատկապես աջ կողմից: Ճիշտ է՝ վերջնական փոխանցումը և հարվածը չէր ստացվում: Երբ գոլ ընդունեցինք, մրցակիցը խորն էր պաշտպանվում, մեր գործը դժվարացել էր: Ինչևէ, հանդիպումը 1:1 ավարտվեց»,-ասաց մարզիչը՝ հավելելով, որ այդ ամենը մոռացել են ու պատրաստվում են առաջիկա խաղին:

Գյուլբուդաղյանցը նշեց, որ թիմը ընկճված չեր և վաղը փորձելու է լավագույն խաղերից մեկն անցկացնել։

«Այսօրվա մարզումից հետո բժիշկները կորոշեն՝ Արտակը կկարողանա խաղալ, թե ոչ»,-հավելեց մարզիչը։

Նրա կարծիքով հոգեբանորեն, նվիրվածության առումով ֆուտբոլիստները կարողացան անել այնպես, որ Մխիթարյանի բացակայությունը չզգացվի:

«Որոշ ֆուտբոլիստների մոտ պատճառը ոչ թե նվիրվածության պակասն էր, այլ լինում է, որ որոշ խաղացողների մոտ տվյալ օրը չի ստացվում: Մխիթարյանը զանգահարում է, քաջալերում է տղաներին, ինձ հետ էլ է խոսել. այդ ամենը մեզ ուժ է տալիս»,-ասաց նա։

Անդրադառնալով Արթուր Միրանյանի առողջական վիճակին՝ մարզիչն ասաց, որ նա դժվար թե լինի հայտացուցակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ