Հուլիսի 11-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից 9 ամիս առաջ հրաժարական տված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում երդվեց որպես ԲԴԽ անդամ:
Դատական օրենսգրքի համաձայն՝ երդումից հետո ԲԴԽ անդամը ստորագրում է երդման տեքստը: Ավելի վաղ Նախշուն Տավարացյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքն ընտրված է օրենքի ուժով և պատրաստ է երդում տալ։
Լրագրողների հետ զրույցում դատավորը նաև անդրադարձել էր Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, որ՝ եթե Նախշուն Տավարացյանը երդվի, նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, և լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։
«Ցավում եմ, որ տիկին Հովհաննիսյանն է նման հայտարարությամբ հանդես եկել, որովհետև ես նրան՝ որպես իրավաբանի, միշտ բարձր եմ գնահատել, այսօր էլ եմ բարձր գնահատում: Նրա հայտարարությունը կարող է՝ պայմանավորված է ինչ-ինչ անձնական նպատակները բարելավելու համար»,- ասել է նա: