fbpx
Իրավական
17:00 30/10/2019

Վենետիկի հանձնաժողովի նախագահի դիտարկումները ի գիտություն ենք ընդունել․ Բադասյան

Ողջունում եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունը, շատ կարևոր է, կառավարությունում ի գիտություն ենք ընդունել նրա դիտարկումները։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ես էլ եմ կարծում, որ ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա, և մենք ավելի բնականոն եղանակով շարունակենք աշխատանքները»,-նշեց նա։

Նախարարը նշեց, որ ինքը փոխադարձ հանրգանքի անհրաժեշտություն միշտ է տեսնում, սակայն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ ՍԴ նախագահի կասկածելի ընտրության, որը չի ծագել այսօր, այլ ծագել է այն ժամանակ, երբ ինքն այդ պաշտոնում ընտրվել է, հիմա խնդիրը կապված է դրա հետ, քանի որ դա սահմանադրականության ոգուն դեմ էր։

Հարցին՝ եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ՍԴ ճգնաժամի հարցը կլուծվի՞, Բադասյանն ասաց, որ ՍԴ-ում ճգնաժամը կամ բարեփոխումներով ՍԴ ունենալը մինչև վերջ կլուծվի, երբ սահմանադրական բարեփոխումներ կլինեն։

«Մենք պետք է վաղ կենսաթոշաի ներդրումից հետո տեսնենք՝ քանի դատավոր կցանկանա հրաժարական տալ, ես մեծապես կարևորում եմ ՍԴ կազմի թարմացումը»,-հավելեց նախարարը։

Բադասյանն ընդգծեց, որ Բուքիքիոյի հայտարարությունն ուղղված էր սահմանադրական բոլոր մարմիններին։

«Եթե կլինեն ճնշումների հետ կապված մտահոգություն կամ կասկած, մենք մշտապես պատրաստ ենք որպես լավ գործընկեր փարատել այդ կարծիքները, ներկայացնենք լրացուցիչ տվյալներ, որոնք կփարատեն այդ կասկածները»,-ասաց նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ