Վերականգնվում է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բերդաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ճարտարապետ Սևակ Ասրյանը:
Նրա խոսքով՝ Մեծ Հայրենական պատերազմում զոհված արցախցիների հիշատակին նվիրված մոտ 30 մետր բարձրությամբ եռահարկ շինությունն իր մեջ ներառում է նաև թանգարանը, որտեղ Աղջկաբերդ ամրոցի ու նրա մոտ գտնվող հին բնակատեղիների պեղումների ժամանակ գտնված ցուցանմուշների մեծ հավաքածու կա:
«Ընդհանուր առմամբ, կառույցը գտնվում էր անմխիթար վիճակում: «Բերդաշեն» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ 10 օր առաջ: Մեր կողմից հրավիրվել են մասնագետներ, ովքեր իրականացնում են հուշարձանի վերականգնման աշխատանքները:
Դժվարանցանելի է նաև դեպի հուշահամալիր տանող ճանապարհը, որը ևս պետք է վերականգնվի: Նախատեսվում է տարածքում կառուցել ավտոկակայանատեղի, հասարակական զուգարաններ, ինչպես նաև տեղադրել դիտահարթակներ», – նշել է Ս. Ասրյանը:
Աղբյուրի զրուցակիցը տեղեկացրել է, որ, հուշարձան-թանգարանի վերականգնմանը զուգահեռ, հնագետ Համլետ Պետրոսյանի արշավախմբի կողմից պեղման աշխատանքներ են կատարվում գյուղի «Պերթ» սրբավայրի տարածքում:
Համայնքին կից միջնադարյան բերդը տասնամյակներ շարունակ եղել է գյուղի դպրոցի ուսուցչուհի Հայկուշ Ազարյանի «հնագիտական» պեղումների առարկան, որը, ըստ Ս. Ասրյանի, հիմք է հանդիսացել հնագիտական աշխատանքներ մեկնարկելու համար: Արդյունքում հայտնաբերվել են տարբեր նշանակության ու ժամանակաշրջանի հետաքրքրիր ցուցանմուշներ, որոնք թվագրվում են 10-12-րդ դարերը:
«Պեղվել է բնակավայրի մի հատվածը, որտեղ առկա են 2 թոնրատուն և բնակավայրի պատեր: Հուշարձանի տարածքում ևս ընթանում են պեղման աշխատանքներ, որտեղ ի հայտ են եկել նոր նմուշներ: Առաջիկայում հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն հնագիտական արշավախմբի կողմից և կցուցադրվեն հուշարձան-թանգարանում», – ավելացրել է Ս. Ասրյանը: