Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դատախազության բողոքի քննությունը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Դատախազության ներկայացուցիչ, դատախազ Վահե Դոլմազյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դատախազության բողոքը պայմանավորված է եղել արդարադատության շահերի գերակայությամբ և ունեցել է դատաիրավական հիմքեր և անհրաժեշտություն։
Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքը, գտել է, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են Քոչարյանի իրավունքները:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը իր խոսքում խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Առաջին ատյանի դատարանը քննության առարկա է դարձրել 2018-ի հունիսի ընթացքում քննիչի կայացրած գույքի վրա կալանք դնելու իրավաչափությունն ու հիմնավորվածությունը, և այդ ընթացքում հանգել է որոշակի հետևությունների։ Եթե դատարանը գնահատում էր այն հանգամանքները, որոնք ձեռք են բերվել գործի քննության հետագա փուլերում, ապա դատարանը նման եզրահանգման գալ չէր կարող։ Դատարանի որոշումն այս պատճառաբանության չափանիշներում չի տեղավորվում։ Մենք բողոքը ներկայացրել էինք այն հիմնավորմամբ, որ քննիչը 2018-ի հունիսին առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու վերաբերյալ մեղսագրում չի ունեցել, սակայն տվյալ փուլում՝ գործի քննության սկզբնական փուլում, քննիչը, ողջամտորեն գործի նյութերից ելնելով, գույքի վրա կալանք դնելու նպատակներից հիմնավորել է հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերը։ Հետագայում, երբ փաստվել է, որ գործով քաղաքացիական հայցեր չեն ներկայացվել, և դատական ծախսերը կազմել են շուրջ 900 հազար դրամ, գործի քննության ավարտական և մեղադրական եզրակացությունը հաստատելու փուլում գույքի վրա կալանք դնելու իրավաչափությունը փաստվել է։ Դա հավաստվում է նաև այն հանգամանքով, որ հնարավոր է ապահովել գույքի բռնագանձումը կամ բռնագրավումը և նպատակ է հետապնդում հետագայում գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու համար»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։
Դատախազն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի տան խուզարկության ընթացքում առգրավված առարկաներին։
«Հատկանշական է խուզարկության ընթացքում զենքերի հայտնաբերման ուղղությամբ դատարանի պատճառաբանությունները։ Խիստ սահմանափակ շրջանառություն ունեցող առարկաների վերաբերյալ դատարանի պատճառաբանությունները, թե դրանք ինչպես կարող էին անձի կողմից կալանքի տակ գտնվելու պայմաններում իր տնօրինությամբ հանձնվել այլ անձանց, այդ հարաբերությունները շատ համակարգված են զենքի մասին օրենքով։ Հետաևաբար մենք գտնում ենք, որ Վերաքննիչ ներկայացված բողոքը հիմնավոր է, դատարանի կայացրած ակտը՝ ոչ պատճառաբանված, խնդրում ենք բեկանել այդ դատական ակտը և առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված բողոքը մերժել»,- ասաց դատախազը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: