Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2018թ. մայիսին, վերսկսվել են։ Բարենպաստ եղանակը թույլ է տալիս շինարարությանը լայն թափ հաղորդել։
Իրականացվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների և հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման, ասֆալտբետոնե ծածկի մաշված շերտի հեռացման աշխատանքներ։
Առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող տեղամասին։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները վստահեցնում են, որ կանեն հնարավորը Ալավերդի քաղաքի վարչական տարածքում մայթերի կառուցումը, երթևեկամասի նոր հիմքի տեղադրումը և կամուրջների վերանորոգումն արագ ավարտելու համար, որպեսզի ամռանն արդեն սկսեն նշված ճանապարհահատվածի ասֆալտապատումը։
Նշենք, որ շինարարության առաջին փուլով Վանաձորից մինչև Թումանյան կայարան 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքներն ավարտվել են, ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման:
Հիմնանորոգվող ավտոճանապարհի 2-րդ հատվածը, որի երկարությունը 51.74 կմ է, ընդգրկում է Թումանյան կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ ընկած ճանապարհահատվածը։
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2020թ. տարեվերջին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքը։