Ադրբեջանի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Էուլջեքչյանի կինը` Լինդա Էուլջեքչյանը։ “Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին մենք հյուրանոցում ենք ապրում, վճարումներն արված են մեկ–երկու շաբաթվա համար։ Վիգենին խոստացել են տուն տրամադրել։ Երբ տունը լինի, մեր դուստրը՝ Քրիստինը, կգա մեզ մոտ։ Հիմա նա Լիբանանում հոգեթերապևտի է այցելում,”– ասաց Լինդա Էուլջեքչյանը։
Լինդա Էուլջեքչյանը նշել է նաև, որ դուստրը անհամբերությամբ է սպասում հոր հետ հանդիպմանը. նրանք ամեն օր 3-4 ժամ խոսում են տեսազանգով։ Ըստ Լինդայի՝ ամուսինն ուզում է մնալ և ապրել Հայաստանում, չի ուզում վերադառնալ Լիբանան, և միակ պատճառը, որի համար պիտի մեկնի, որդու հարսանիքն է։ Այդ նպատակով Վիգենը մտադիր է Լիբանան մեկնել ընդամենը մեկ շաբաթով, իսկ հետո նորից վերադառնալ Երևան։ “Մենք չէինք կարող տոմսեր գնել ընտանիքի բոլոր անդամների համար, որպեսզի հարսանիքը Հայաստանում անեինք, և այդ պատճառով հանդիսությունը Լիբանանում կկայանա,”– ընդգծել է նա։

