Քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը մոտ 120 է։ Վիրավորների մեծ մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է շարք։
«Այն մարդկանց, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, տեղափոխվել են հիմնականում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ ու հոսպիտալներ, այնտեղ են շարունակում բուժումները»,- նշել է նա։
Հովհաննիսյանը նշեց, որ ծանր վիրավորների մասին տվյալներ այս պահին չի կարող ներկայացնել։ Նա ևս մեկ անգամ հորդորեց ազգաբնակչությանը, որ սահմանափակեն հեռախոսազանգերը՝ զինծառայողներին չթիրախավորելու և նրանց կյանքի համար վտանգ չստեղծելու տեսանկյունից։
