Ոչ լիբերալ ավտոկրատիկ ռեժիմների կենսունակության մասին Էդուարդ Աբրահամյանը հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Կարծում եմ, արևմտյան էլիտաները ի վերջո պիտի ձերբազատվեն այն հարմարավետ ու տասնյակ տարիներ գերակայող մոլորեցնող ու խաբուսիկ նարրատիվից, որ իբր Ռուսաստանը, Իրանը և մնացած այլ ոչ լիբերալ ավտոկրատիկ ռեժիմները “հավերժ” անկման ու քայքայման մեջ գտնվող համակարգեր են, թղթե տներ են ու որ մի փոքր դրսից ու ներսից ցնցում լինի՝ չեն դիմանա ու կքանդվեն։
Իրականում՝ սա արևմուտքում որոշ վերլուծա-փորձագիտական շրջանակների “հարմար” նարրատիվներից է եղել՝ Պետքարտուղարության կամ այլ որոշում կայացնող կենտրոններին նման կերպ պարզ ու ուղղահայաց հրամցնել այս կամ այն ոչ արևմտյան ոչ լիբերալ ռեժիմի կոնտեքստները՝ ամեն ինչ կառուցելով դրա վրա։ Այս մոլորեցնող նարրատիվի գերակայության պայմաններում հաճախ տարիներ շարունակ արհամարել է ակադեմիական ֆունդամենտալ ու համապարփակ վերլուծությունները, որոնք սև ու սպիտակ, վատ կամ լավ, չար կամ բարի պարադիգմաների մեջ չեն դիտարկել տվյալ ռեժիմները կամ երկրների համակարգերը, այլ որպես կանոն բարդ, բազմաբովանդակ ու տարբեր կողմերից քննվող ֆենոմեններ։
Իսկ իրականությունն այն է, որ չնայած առաջին հայացքից ոչ լիբերալ ռեժիմ-համակարգերը իրենց կոռումպացվածության, հետամնացության, անհատակենտրոնության, ազատ կամքի արտահայտումն ու մարդու իրավունքները ոտնահարելու տենդենցով երևացել են մշտապես քայքայվող կամ անկում ապրող՝ արտաքին սպառնալիքի դեպքում իրենք ցույց են տալիս լուրջ մոբիլիզացիա, կոնսոլիդացիա և գաղափարական տոկունություն։ Սա տեղի է ունենում նախևառաջ շնորհիվ տասնյակ տարիներ անշեղորեն շարունակվող քաղաքականությունների, կատարելագործվող ու էֆեկտիվ ինդոկտրինացիայի, ինչպես նաև հանրություն-ռեժիմ պարադիգմայի մեջ կոլեկտիվ մոտիվացիան ինքնության ձևավորման շնորհիվ։ Հետևաբար` չնայած իր բոլոր խոցելիությունների, ավտոկրատիկ ռեժիմները համեմատաբար արագ կարողանում են դիսցիպլինավորել իրենց բնակչությանը պատերազմի համար։
Իրանի ժողովրդի մի մասն, անշուշտ կցանկանար ռեժիմի փոփոխություն, և հենց սա էլ “սխալ ընկալվել է” Վաշինգթոնում ու Թել Ավիվում՝ կարծելով, որ արտաքին ուժային միջամտությունը ոտքի կհանի իրանական հանրությանն ընդդեմ ռեժիմի։ Սակայն արտաքին ուժերի ռազմական միջամտությունը կարծես թե տալիս է լրիվ հակառակ էֆեկտ։
Ակադեմիական գիտնականների ու թինքթենքային փորձագետների տարբերությունը հաճախ այ այսպիսի նրբությունների մեջ են նաև նկատվում։

