Իրավական

Ո՞ր խախտումների դեպքում վարորդները կզրկվեն բալային համակարգի միավորներից

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Ստորև ձեզ ենք ներկայացնում նախատեսված այն խախտումները, որոնք վարորդներին կզրկեն տարեկան ստացած միավորներից, որոնք սահմանված են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։

Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 123.5 – 1.1)

Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր: (Հոդված. 123.5 – 5)

Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: (Հոդված. 124 – 2)

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: (Հոդված. 124 – 5)

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: (Հոդված. 124 – 6)

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: (Հոդված. 124 -8)

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: (Հոդված. 124 – 9)

Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 124 -14)

Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 124 – 17)

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 124 – 18)

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր: (Հոդված. 124 – 21)

Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր: (Հոդված. 124 – 22)

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր: (Հոդված. 124 – 23)

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով: (Հոդված. 124 – 6)

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 124.3 – 1)

Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 124.4 – 2)

Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր: (Հոդված. 124.4 – 3)

Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժով գերազանցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր: (Հոդված. 124.4 – 4)

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով: (Հոդված. 124.6 – 1)

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր: (Հոդված. 126 – 1)

Նշենք, որ օրենսդրությունը սահմանում է՝ տուգանային միավորները կիրառվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ: Հայաստանում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր տարի տրվում է 9 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:

Վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որի չափը սահմանվում է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:

Հավելենք, որ խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձեւով` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` 6 ամիս ժամկետով: Վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով: Պարբերաբար խախտումը համարվում է՝ 1 տարվա ընթացքում 3 եւ ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:

Օրենսդրության մեջ նաև շատ հետաքրքիր հատված կա, որով ասվում է, որ տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 եւ պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն, որը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր։ Այս հնարավորությունից վարորդները կարող են օգտվել տարին մեկ անգամ։

Վարորդները պետք է ուշադիր լինեն, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար են ածում ոստիկանության պաշտոնատար անձինք` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում տուգանային միավորների չափի մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով, ինչպես նաև այդ որոշման մեջ պարտադիր նշվում է անձին տվյալ տարում տրված միավորների մնացորդի չափը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ