Որպես անկախ պետականության օր պետք է տոնենք մայիսի 28-ը․ «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Մայիսի 28-ի և Սեպտեմբերի 21-ի խորհուրդների մասին

1991 թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեն ցույց տվեց հայության իղձն ու կամքը՝ խորհրդաբոլշևիկյան կայսրությունից ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան պետականությամբ իր ճակատագիրը տնօրինելու վերաբերյալ:
Այդուհանդերձ՝ սեպտեմբերի 21-ի հանրաքվեն խորհրդային շրջանի կաղապարների և իներցիայի տիպական դրսևորում էր:

ԽՍՀՄ-ից անկախությունը աներկբայորեն չարձանագրվեց դեօկուպացիայի համատեքստում միջազգայնորեն ճանաչված 1-ին Հանրապետության իրավահաջորդության ընդունմամբ և նրա վերականգնմամբ, ինչը արեցին, օրինակ, Մերձբալթյան երկրները, ինչպես նաև Վրաստանը և Ադրբեջանը:

Դրա փոխարեն՝ երբևէ ճանաչված պետականություն չունեցած միջինասիական խորհրդային հանրապետությունների նմանությամբ ինքնորոշման ճանապարհով անկախություն հռչակվեց ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդության հիման վրա և նրա տարածքով:

Սակայն 1-ին Հանրապետության գոյության փաստը հնարավոր չէր անտեսել կամ շրջանցել, ուստի ստիպված այն արհեստականորեն համադրվեց նշված գործընթացի հետ, ինչից ծնվեց մի հակասական մոտեցում, ըստ որի ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Հայկական ԽՍՀ-ն համարվեց 2-րդ Հանրապետություն, իսկ 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով ստեղծվածը՝ որպես նոր՝ արդեն 3-րդ, Հանրապետություն:

Դրա հետևանքով մենք հայտնվել ենք 1-ին Հանրապետության իրավաքաղաքական ժառանգությունն օգտագործելու, առհասարակ՝ ազգային առաքելության վերաստանձնումը, պետականության զարգացումը և մեր Հայրենիքի վերատիրացումը խափանող փակուղու մեջ, ինչպես նաև կանգնել ենք Արցախի դե յուրե միացումն ամբողջացնելու ճանապարհին ստեղծված արհեստական բարդությունների առաջ:

Ըստ այդմ՝ որպես անկախ պետականության օր պետք է տոնենք 1-ին Հանրապետության ստեղծման օրը՝ մայիսի 28-ը:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ շնորհավորում ենք մեր ժողովրդին ինքնիշխան պետականությամբ խորհրդաբոլշևիկյան կայսրությունից ազատ ու անկախ ապրելու համազգային իղձի և կամքի ցույցի օրվա առթիվ:

Համոզված ենք, որ այսպես կոչված 3-րդ Հանրապետությունն իրականում 1-ին Հանրապետության վերականգնման ճանապարհին ընկած միջանկյալ և արդեն ավարտվող փուլ է, որից հետո վերսկսվելու է Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի ընդհատված ուղին:

Ամենաթարմ