Իր թվիթերյան էջում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է. «Հրանտ Դինքի ընկերները 12 տարի անց էլ արդարություն են փնտրում»:
Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի քննությունը շարունակվելու է Սեպտեմբերի 4-6-ին, որում ներգրավված է 76 մեղադրյալ: Հավանաբար շարունակվելու է նաև վկաների ցուցմունքները լսելու գործընթացը:
«Հրանտ Դինքի սպանությունից անցել է 12 տարի: Որպես Հրանտի ընկերներ՝ դատական գործի 95-րդ նիստի ժամանակ էլ արդարություն ենք փնտրում: Սպանության մեջ պատասխանատվություն կրող քաղծառայողները դեռևս արդյունավետորեն չեն դատվում: Քանի դեռ պետության մեջ եղած «սպանի՛ր» ասող ավազակախումբը պատասխան չի տվել, այն շարունակելու է սպանել»,- գրել է Փայլանը:
Ըստ «Ակօս» թերթի տեղեկության ՝ մարտի 14-ի դատական նիստում որոշում էր կայացվել, որ 2004թ. փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ հանդիպած Ստամբուլի փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը, թուրքական հետախուզության Ստամբուլի շրջանի ղեկավար Հյուսեյին Քուբիլայ Գյունայը, նշված կառույցի աշխատակիցներ Օզել Յըլմազը և Հանդան Սելչուքը որպես վկա ցուցմունք են տալու դատարանում: Մինչդեռ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը դեռևս չի պատասխանել վերոգրյալի վերաբերյալ Ստամբուլի 14-րդ ծանր գործերով քրեական դատարանի ուղարկած դիմումին:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
