fbpx
Իրավական

Ոստիկանները ԿԲ-ի դիմացից հեռացրել են ցուցարարներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ ոստիկանները Կենտրոնական բանկի (ԿԲ) առջևից հեռացրին «Ոչ վայրկային թալանին» նախաձեռնության մասնակից հինգ-վեց երիտասարդների, որոնք բեռնատարով ընդդեմ վարկային թալանի բողոքի ցույց էին անում:

Նրանք նաև գունավոր ծուխ արձակող պայթուցիկներ էին վառել: Նախ լեյտենանտ Աղաբեկյանը մոտեցավ «Ոչ վայրկային թալանին» նախաձեռնության մասնակից Մանուել Մանուկյանին և ասաց, որ դադարեցնի իր բողոքի ցույցը, քանի որ իրենց տեղեկություններով՝ այգում իր աջակիցներից կան և որ ինքը համացանցում կոչեր է հնչեցնում ճանապարհները փակելու վերաբերյալ:

Մանուել Մանուկյանն ասաց, որ ուղղակի լրագրողներին հարցազրույց է տալիս և ինքը միայնակ է կանգնած ԿԲ-ի առաջ: Այնուհետև նա գնաց ու նստեց նստարանին: Մինչ Մանուել Մանուկյանը զրուցում էր լրագրողների հետ, այդ ընթացքում ոստիկանները հեռացրին ցուցարարներին: Վերջիններս նստեցին բեռնատար, նրանց միացավ նաև Մանուել Մանուկյանը և գունավոր ծուխ արձակող պայթուցիկներ վառելով` հեռացան:

Այդ ընթացքում լեյտենանտ Աղաբեկյանը հայտարարեց. «Հետևից գնացեք, սրանց տարեք բաժին»:

Մանուել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց. «Ես՝ որպես Մանուել Մանուկյան, իմ անհնազանդությունն եմ հայտնել և ասել եմ՝ չեմ ենթարկվի այնքան ժամանակ, քանի դեռ Կենտրոնական բանկը խելամիտ չի գտնվել և ժողովրդին չի տվել մեկ տարվա վարկային արձակուրդ: Իսկ եթե նրանք չեն գիտակցում և չեն տիրապետում երկրում տիրող իրավիճակին, և կորոնավիրուսի քողի տակ թաքնված մարդիկ այսօր շատ բաներ չեն անում, նրանք այդ ամենը չգիտակցելով՝ հրահրում են»:

Մանուել Մանուկյանն ասաց, որ արդեն մի քանի շաբաթ է՝ իրենք բարձրացնում են այս խնդիրները, սակայն ոչ մի պատասխան, լուծման ճանապարհ չեն ստացել: Նա հայտնեց, որ նամակներով դիմել են բոլոր ուժային կառույցներին, Համաշխարհային բանկին, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց ոչ մի արձագանք, ինչը նշանակում է, որ այսօր արհամարհվում է հասարակ մարդը:

Նա հայտարարեց, որ մարդկանց թալանում են. մի դեպքում տուն, մեքենա, ունեցվածք են մարդու ձեռքից վերցնում, մյուս դեպքում կալանք են դրել հաշմանդամություն ունեցող երեխայի թոշակի վրա և ասաց. «Ես հիմա այստեղ մենակ եմ կանգնած, բայց որ այսպես շարունակվի, չեմ կարող ասել, թե այստեղ քանի հազար մարդ կկանգնի: Մարդկանց տունը, երեխայի հացը, որ նրանց ձեռքից խլեն, մարդիկ ոչնչի չեն նայելու: Չեն նայելու, որ կորոնավիրուս է, դուրս են գալու փողոց: Մարդիկ ինձ դիմում են, ես էլ ասում եմ, որ եթե բողոք ունեք, տեղերում հայտնեք ձեր բողոքը, բարձրացրեք ձեր խնդիրները»:

Գրում է Aravot-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ