Հոկտեմբերի 2-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:
Բարձրաստիճան սպաներն ու պաշտոնյաները նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձաններին, ինչից հետո սկսվեց երդման արարողությունը:
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանի և կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանի ներկայությամբ շուրջ 100 սովորողներ երդվեցին:
Շնորհավորական ելույթ ունեցավ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ով ապագա ոստիկաններին հորդորեց լավ սովորել և մաղթեց բարի երթ ոստիկանական մեծ ընտանիք։
Երդման հանդիսավոր արարողությունն ավարտվեց կրթահամալիրի սովորողների հանդիսավոր երթով ու ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:
Միջոցառման ավարտին Արման Սարգսյանը հանդիպեց ոստիկանության կրթահամալիրի սովորողների ծնողներին ու հարազատներին, շնորհավորեց նրանց, խնդրեց որպեսզի հետևեն իրենց զավակների ուսումնառությանը՝ վստահեցնելով, որ ապագան հենց գիտելիքով զինված ոստիկանինն է։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
