Ռուսաստանի ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի և Սիրիայի բանակցությունների գաղափարը

Մոսկվան պաշտպանում է Թուրքիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման գաղափարը, անհրաժեշտության դեպքում պատրաստ հարթակ տրամադրել ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Իհարկե, մենք կարծում ենք, որ հանդիպումը օգտակար կլիներ։ Խոսքը շփումների հաստատման մասին է, առայժմ ռազմական և հատուկ ծառայությունների գծով. նման շփումներ կային։ Մենք դրանք պաշտպանում ենք, խրախուսում ենք, որպեսզի նրանք հանդիպեն, ընդհանուր հայտարարներ գտնեն դիրքորոշումներում»,- ասել է Բոգդանովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա ընդգծել է, որ Մոսկվան հանդես է գալիս Անկարայի և Դամասկոսի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օգտին, ինչպես տեղի է ունենում տարածաշրջանի այլ երկրների հետ։

«Եթե նրանք ցանկանան, մենք միշտ պատրաստ ենք ընդունել նրանց, իհարկե։ Որքան հանդիպումներ ենք մենք կազմակերպել տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով։ Մենք միշտ պատրաստ ենք տրամադրել մեր օգնությունը»,- ավելացրել է փոխնախարարը։

Ամենաթարմ