Ողջունում եմ ՌԴ նախագահ Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Այդ մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Facebook-ի էջում:

«Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:

Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական են դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:

Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվեն ամուր խաղաղություն և կայունություն»,- նշված է գրառման մեջ:

Ամենաթարմ