«Վրաստանի ապագա վարչապետը կունենա բավականաչափ քաջություն Ռուսաստանի հետ բաց բանակցություններ վարելու համար»,-ասել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։
Գավրիլովը անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետի փոփոխությունը և հայտնել, որ հունիսին ակցիան ցրելու ժամանակ Գիորգի Գախարիան խիստ դիրքորոշում է ունեցել: «Վրաստանի նախագահից անկախ, Վրաստանի կառավարության նոր ղեկավարը կունենա բավական քաջություն, որպեսզի դուրս գա Ռուսաստանի հետ բաց բանակցությունների համագործակցության վերականգնման նպատակով»,-հայտնել է Գավրիլովը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 20-ին ընթանում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Ռուսական պատվիրակության ղեկավարը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, ինչն էլ հարուցել էր քաղաքացիների դժգոհությունը։ Բողոքի ակցիաների սկզբում խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել Իրակլի Կոբախիձեն։
Նույն օրը՝ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը, երբ ցուցարարները փորձում էին գրոհել խորհրդարանի շենքը, հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառեցին ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: «Գավրիլովի գիշեր» անվանումը ստացած իրարանցումների պատճառով այդ օրը վիրավորվել է 240 մարդ, 2 հոգի կորցրել է աչքը, բերման ենթարկվել մոտ 300-ը, ինչի պատճառով առ այսօր վրաց հասարակության մի մասը պահանջում է նախկին ՆԳ նախարար և արդեն վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Հիշեցնենք, որ այսօր «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է Վրաստանի վարչապետի նոր թեկնածուին՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային։