fbpx
Աշխարհ

Վրաստանի նախագահը Շվեյցարիայում հանդիպել է Զելենսկու հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է NewsGeorgia-ն՝ հղում անելով Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

Սրանք երկու երկրների ղեկավարների միջև առաջին ուղիղ բանակցություններն են Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Զուրաբիշվիլին, ով կտրուկ քննադատել էր «Վրացական երազանքի» կառավարությանը Կիևի անբավարար աջակցության համար, վերջին երկու տարվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Զելենսկու հետ և հանդիպել միջազգային ֆորումների շրջանակում, սակայն ուղիղ հանդիպումներ չեն եղել։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրեյ Էրմարքը և փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Զուրաբիշվիլին բարձրացրել է Վրաստանի 22-ամյա քաղաքացի Մամուկա Գացերելիայի հարցը, ով կռվել է Ուկրաինայի կողմից և գերեվարվել Ռուսաստանի կողմից։ Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել այս հարցի շուրջ, հաղորդում է վարչակազմը։

Զուրաբիշվիլին ևս մեկ անգամ շնորհավորել է Զելենսկիին՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ մոտ ապագայում Կիևն ու Թբիլիսին միասին կշարունակեն եվրաինտեգրման ուղին։

«Վրաստանի և Ուկրաինայի տեղը Եվրոպայում է։ Խաղաղությունը Վրաստանում, Ուկրաինայում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում անհրաժեշտ և կարևոր է դրա հետագա զարգացման համար»,- ընդգծել է նա։

Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովը տեղի կունենա այս շաբաթավերջին Շվեյցարիայի Բյուրգենստոկ քաղաքում։

Միջոցառմանը մասնակցում է, ընդհանուր առմամբ, 100 պատվիրակություն, այդ թվում՝ 57 պետությունների և կառավարությունների ղեկավարներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ