Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է քննարկել նախագիծ, որով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը կհամարվի հանցավոր: Փաստաթղթի նախագիծը կոչվում է այսպես`«Սաակաշվիլի-Բոկերիայի ռեժիմը հանցավոր ճանաչելու մասին»: Այս նախագծով հանցավոր ու ավտորիտար է համարվում ռեժիմը, որը հաստատվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարման տարիներին:
Բացի դրանից, փաստաթուղթը նախատեսում է քրեական գործերի հարուցում այդ տարիներին իրականացված հանցագործությունների մասով և արդարության վերականգնում:
Սաակաշվիլին ղեկավարել է Վրաստանը 2004-2007, ապա նաև 2008-2013 թվականներին: Վրաստանում նրա նկատմամբ մի շարք քրեական գործեր են հարուցված: Երկու գործերով նա հեռակա դատապարտված է 6 և 3 տարվա ազատազրկման: Վերջերս Սաակաշվիլին հայտարարեց, որ մտադիր է վերադառնալ Վրաստան, և եթե համոզվի, որ երկրի բնակչության ակտիվ մասն իր կողմնակիցն է, ապա 72 ժամում կփոխի իշխանությունը: