Առողջությունը պահպանելու և 30 տարեկանից հետո ավելի երկար ժամանակ երիտասարդ մնալու համար խորհուրդ է տրվում հրաժարվել արագ սննդից, տրանս ճարպերից և էներգետիկ ըմպելիքներից, կարծում է ռուս սրտաբան Սվետլանա Պավլիչենկոն։
Մասնագետը նշել է, որ կան մի քանի սննդային խմբեր, որոնք մարդուն խանգարում են ավելի երիտասարդ տեսք ունենալ։
Առաջին հերթին նա խորհուրդ է տալիս սննդակարգից բացառել արդյունաբերական ճանապարհով արտադրված տրանսճարպերը։ Տրանս ճարպերն առաջացնում են քրոնիկ բորբոքումներ, պարունակում են «վատ», ցածր խտության խոլեստերին։ Տրանս ճարպերի անվտանգ չափաբաժին չկա. ցանկացած սպառման դեպքում մեծանում է սրտի կաթվածի, ինսուլտի եւ քաղցկեղի ռիսկը:
Տրանս ճարպերը առկա են արագ սննդի, խմորեղենի, քաղցրավենիքի և սննդի այլ տեսակների մեջ: Հաճախ արտադրողը դրանք թաքցնում է այլ անուններ մատնանշելով: Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր ուսումնասիրել ապրանքների բաղադրությունը և չգնել «մասամբ հիդրոգենացված ճարպեր», «բուսական ճարպեր», «մասամբ կարծրացած բուսական յուղեր» գրություններով ապրանքները։
Մասնագետը նաև խորհուրդ է տալիս 30 տարեկանից հետո ամբողջությամբ հրաժարվել քաղցր գազավորված և էներգետիկ ըմպելիքներից։ Նրա խոսքով՝ 0,3 լիտր ծավալով գազավորված ըմպելիքի տուփը պարունակում է 10 թեյի գդալ շաքար, ինչը ԱՀԿ-ի կողմից առաջարկվող գրեթե ամբողջ օրական չափաբաժինն է։ Շաքարավազը հրահրում է կարիեսի զարգացումը և մեծացնում գիրության և հարակից հիվանդությունների՝ 2-րդ տիպի շաքարախտի ու ինսուլտի ռիսկը:
30 տարեկանից հետո խորհուրդ է տրվում սահմանափակել չիփսերի և խորտիկների օգտագործումը, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ աղ. 90 գրամ կշռող չիփսի տուփը պարունակում է մեծահասակների համար օրական աղի պահանջարկի մոտ կեսը: Աղի ավելցուկը նպաստում է օրգանիզմում ջրի պահպանմանը, ինչը հանգեցնում է այտուցի։
Խորհուրդ է տրվում խելամիտ մոտեցում ցուցաբերել նաև ալկոհոլի օգտագործմանը, որից մաշկը տուժում է ոչ պակաս, քան լյարդը։
Մթերքների վերջին խումբը, որի հետ խորհուրդ է տրվում ավելի զգույշ լինել, մսամթերքի կիսաֆաբրիկատներն են, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ աղ, կոնսերվանտներ, համը ուժեղացնող նյութեր։ Այս բաղադրիչները նպաստում են օրգանիզմում քրոնիկ բորբոքման, որը մաշում է մարմինը դրսից եւ ներսից, ինչպես նաեւ մեծացնում քրոնիկ հիվանդությունների առաջացման վտանգը։