2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին խաղաղության հաստատման ջանքերի և միջազգային համագործակցության մեջ ունեցած ավանդի համար։
Ինչպես ուրբաթ հայտարարել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը, նա պարգևատրվել է Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության լուծման նախաձեռնության համար։
Նա երկիրը ղեկավարում է 2018 թվականի ապրիլից։
1901 թվականից Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է 99 անգամ։ 19 անգամ կոմիտեն մրցանակին արժանի գործիչներ չի գտել, որոնք, ինչպես ասվում է Նոբելի կտակում, մյուսներից ավելի շատ են արել ժողովուրդների միջև եղբայրության, բանակների վերացման կամ կրճատման և խաղաղ ֆորումների անցկացման համար։

