fbpx
Աշխարհ

Ղարաբաղի հարցով փոխզիջումների հասնելու հնարավորություններ կան.Սերգեյ Լավրով

Ղարաբաղի հարցով փոխզիջումների հասնելու հնարավորություններ կան:Բաքվում ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մեզ մոտ գիտակցում կա, որ փոխզիջումների հասնելու տարբերակներ գոյություն ունեն: Գործը հեշտ չէ, հակամարտությունն ամենատևականներից մեկն է նախկին ԽՍՀՄ տարածքում: Բայց մենք երախտապարտ ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ Ռուսաստանի կողմից որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ առաջ բերված գաղափարներն ըմբռնում են գտնում Ադրբեջանում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովի խոսքով՝ իր այսօրվա և երեկվա շփումները թույլ են տվել ավելի լավ հասկանալ՝ ինչպես առաջ շարժվել:

«Հուսով եմ՝ արդյունք կլինի»,- ասել է նա:

Պաշտոնյան նշել է նաև, որ ինքը կողմ է «Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև շփմանը»: Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև լրագրողների փոխանակումը:

«Ռուսաստանն այդ նախաձեռնության հեղինակներից մեկն էր: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է: Ես կողմ եմ այսպիսի շփումների շարունակմանը»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

Նա նշել է նաև, որ ցանկացած որոշում պետք է կայացվի Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության մասնակցությամբ:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն, իր հերթին, իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սպասվում է, որ վաղը Բրատիսլավայում Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ առարկայական բանակցությունների մեկնարկը կտան:

Մամեդյարովը նշել է, որ ՀՀ արտգործնախարարը մտադիր է վաղը անվտանգության հարց բարձրացնել:

«Ի՞նչ է անվտանգությունը Հայաստանի պատկերացմամբ, և ի՞նչ է այն՝ մեր պատկերացմամբ: Կա գիտակցում այն բանի, որ զորքերը պետք է վերադառնան զորանոցներ: Այո, անվտանգությունը կարևոր է, սակայն նաև Ադրբեջանի համար»,-նշել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է նաև, որ անվտանգությունը կարևոր է նաև «Ղարաբաղի ադրբեջանական բնակչության համար», և որ անվտանգության հարցով վաղը ինքն ու իր հայ գործընկերն առարկայական բանակցություններ կսկսեն:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են վաղը՝ դեկտեմբերի 4-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ երկրներին ուղղված խոսքերին, որում Փաշինյանը կոչ էր արել զենք չվաճառել Ադրբեջանին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ես միայն կարող եմ ընդգծել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է»,-ասել է ՌԴ արտգործնախարարը՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը «զարգացնում են իրենց համագործակցությունը միջազգային նորմերին համապատասխան, համաձայն Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրության և ամբողջովին հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որը կարևոր է պահպանելու տարածաշրջանում կայունությունը»:

Օրերս Ղրղզստանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցները Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է անպատասխան թողնեն Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ