Որպես համաշխարհային հանրության ակտիվ և պատասխանատու մասնակից՝ Ղազախստանը մշտական հիմունքներով իր ներդրումն է ունենում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում՝ խթանելով խաղաղապահ նախաձեռնությունները։ Մեր երկիրը համընդհանուր ճանաչում ունեցող առաջատար է զանգվածային ոչնչացման զենքի զինաթափման և չտարածման, միջուկային զենքից զերծ գոտիների ստեղծման գործում։
Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
Ըստ Տոկաևի, օգտագործելով համաշխարհային հակամիջուկային շարժման իր փորձը՝ Ղազախստանը զգալի ներդրում է ունեցել իրանական միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունների կազմակերպման գործում։
«Միջազգային կայունության և անվտանգության ապահովման գործում Ղազախստանի մեկ այլ նշանակալի ներդրումը սիրիական բազմամյա հակամարտության կարգավորման համար հարթակի տրամադրումն էր: 2017 թվականից մինչև օրս Աստանայի գործընթացի շրջանակներում անցկացվել է բանակցությունների 21 փուլ: Այս միջազգային պլատֆորմի ներդրումը Սիրիայի հակամարտության կարգավորման գործում ճանաչված է ՄԱԿ-ի և աշխարհի բազմաթիվ առաջնորդների կողմից:
Ղազախստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունը ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահ գործունեությունն է: 2014 թվականից ի վեր ավելի քան 600 ղազախստանցի զինծառայողներ մասնակցել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին: Ներկայում մեր խաղաղապահները մասնակցում են ՄԱԿ-ի առաքելություններին Լիբանանում, Արևմտյան Սահարայում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Մասնակցել ենք նաև ՄԱԿ-ի առաքելությանը Մալիում՝ 2022 թվականից»,- ասել է նա։
2024 թվականի մարտի 15-ից Ղազախստանի պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում ղազախական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Գոլանի բարձունքներում ՝ որպես ինքնուրույն ստորաբաժանում ՝ 139 մարդ, այդ թվում՝ 7 կին։
Տոկաևն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ինչ վերաբերում է Ձեզ հետաքրքրող նոր նախաձեռնություններին, ապա այստեղ հարց է առաջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Անկասկած, Ղազախստանն անտարբեր չի մնում այս թեմայի նկատմամբ։ Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից։ Որպես խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից՝ Ղազախստանը պատրաստ է աջակցել մեր տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանն ուղղված ցանկացած ջանքերի»,- ասել է Տոկաևը: