Տնտեսություն

Xiaomi-ն ցուցադրել է իր SU7 էլեկտրական մեքենայի սրահը

Չինական Xiaomi ընկերությունը հրապարակել է իր առաջին էլեկտրական մեքենայի՝ SU7-ի սրահի մի քանի լուսանկարներ, ինչպես նաև ձմեռային պայմաններում անցկացված թեստ-դրայվի մասին տեսանյութ։ Դատելով հրապարակված լուսանկարներից՝ SU7-ի ղեկի, վահանակի և այլ մասերի վրա անսովոր մեծ թվով կոճակներ կան։

Xiaomi էլեկտրական մեքենայի գինն ու թողարկման ամսաթիվը հայտնի չեն: Նախկինում ընկերության ղեկավարությունը խոսում էր 2024-ի առաջին կիսամյակում մեքենան շուկա դուրս բերելու իր մտադրության մասին, ուստի SU7-ի բնութագրերի և գնի վերաբերյալ մանրամասները, հավանաբար, հայտնի կդառնան շուտով։

Էլեկտրական մեքենան հավանաբար կհայտնվի Պեկինի ավտոսրահում, որը կանցկացվի ապրիլին։ Ինչ վերաբերում է գնին, ապա ենթադրվում է, որ այն կտատանվի 300,000 յուանի (42,000) սահմաններում։

Ինտերիերի, թերևս, գլխավոր անակնկալը բազմաթիվ կոճակների առկայությունն է։ Սա զարմանալի է, քանի որ Xiaomi-ն տեխնոլոգիական ընկերություն է և կարող էր կոճակների քանակը հասցնել նվազագույնի: Ինտերիերի հայեցակարգի հիմքը գեղեցիկ, ինտուիտիվ դիզայնն է: Բոլոր կարևոր տարրերը տեղադրված են վարորդին և առջևի ուղևորին մոտ:

Կառավարման կամարաձև վահանակի վրա տեղադրված է բավականին մեծ սենսորային էկրան և օդի ելքուղիներ։ Ըստ մշակողների՝ վահանակի այս ձևը ոչ միայն ֆիզիկապես ընդլայնում է տարածքը, այլև ավելի ազատ տարածքում գտնվելու հոգեբանական զգացողություն է հաղորդում։ Մեքենայի կառավարման միջերեսը և կոճակները տրամաբանորեն հասկանալի դասավորություն ունեն վարորդի և առջևի ուղևորի համար:

Կենտրոնական վահանակի վրա տեղադրված է մեկնարկի կոճակը, ինչպես նաև չորս կարգավորիչ՝ խցիկում ջերմաստիճանը, օդափոխիչի պտտման արագությունը, կախոցը և ակտիվ սփոյլերը կառավարելու համար: Ղեկի և դրա հետևում գտնվող լծակների վրա կան նաև կոճակներ, և իսկ շարժման արագության մասին տեղեկության և այլ պարամետրերի համար կարելի է գործի դնել ոչ միայն գլխավոր էկրանը, այլ նաև պրոէկցիոն էկրանը՝ դիմապակու վրա։

Ընկերությունը վստահ է, որ ֆիզիկական կոճակները մարդուն մեքենայի հետ փոխազդելու ամենաբնական ճանապարհն են ապահովում: Հետաքրքիրն այն է, որ հատուկ միացման կայանի օգնությամբ հնարավոր է էլ ավելի շատ կոճակներ ավելացնել՝ դրանք տեղադրելով սենսորային էկրանի տակ։

Գաղտնիք չէ, որ Xiaomi-ն ձգտում է ապահովել, որպեսզի ընկերության էլեկտրական մեքենաները բարձր արդյունավետություն ապահովեն և ավելի շատ տարածք անցնեն մեկ լիցքավորմամբ՝ նույնիսկ ձմեռային պայմաններում։ Էլեկտրական մեքենաների հետ կապված տարածված խնդիր է այն, որ ցածր ջերմաստիճանի դեպքում մեկ լիցքավորմամբ մեքենան զգալիորեն ավելի քիչ տարածք է անցնում: SU7-ում այս խնդիրը լուծելու համար մշակողներն օգտագործել են հատուկ ջերմային պոմպ: Հրապարակված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են SU7 սեդանները փորձարկվում ձյունածածկ վայրում՝ -33 ºC ջերմաստիճանի պայմաններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ