Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ նախատեսում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին եւ աջակցելու դրանց լուծմանը:
Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահին՝ թե՛ իր, եւ թե՛ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ պատգամավորի, վկայում է Ալեն Սիմոնյանի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրության եւ վերաբերմունքի մասին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհներ»,-ընդգծեց Հասանովը: