ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իր վրդովմունքը հայտնելով նախօրեին «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած դեպքի առնչությամբ:
«Խստորեն դատապարտում եմ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։
Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։
Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։
Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց: Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:
Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ:
Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար»,- գրել է նախարարը:
https://www.facebook.com/zaruhibatoyan/posts/2312962335426729?__xts__[0]=68.ARA408B3jUd_x-y9KlCS7303OzKBwB93DzYWNJpAXixKCaGB06ZcSUe-PPb4s_vInGi3TP1LkeveAK_8y8VMDUbbJM1hkUv0mtvDHe5CVOBolWnNoF6s1jxoDPkcWgXk18Z-Jisf_ZybQCEesIxlERZ3R9GWjWovDcXWbnn4EpcBWaVGj_PFx0WrRijbc8nqugZrfYkIjUAMq0CWo3pavm-Vlz6XmOXVPSnfgyNHirmDTO6Dw6NcRKSYCK2f-Enhxjb3qCBjbIcZUjzY1V0QlIgCEqLqRbPoQCoKguwtbGRCvXx42x5OMoZefGjRjdAoh4HAir0IuSWlM5EIXjjkQeuv&__tn__=-R