Այսօր խորհրդարանում ընթանում են «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներին» վերաբերող խորհրդարանական լսումներ, որը նախաձեռնել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Սակայն վերջինս չի կարողացել ներկա գտնվել, քանի որ մասնակցում է WCIT 2019 ՏՏ համաժողովին: Այդ պատճառով նիստը վարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր խոսքում նշել է, որ թեև երկու տարածքների մասին են խոսելու, բայց խնդիրը համընդհանուր է նաև մյուս թաղամասերի համար:
Լսումների ընթացքում նախատեսվում են հանրային սեկտորի ներկայացուցիչների հարցերը, որոնց կպատասխանի ՄԻՊ Արման Թաթոյանը, որից հետո ներկաներին կտրվի ելույթի հնարավորություն:
«Երբ այս գործընթացն սկսվեց, առաջին օրվանից աշխատել եմ ՀՀ ՄԻՊ առաջին, երկրորդ պաշտպանի օրոք, ինքս մասնակցություն եմ ունեցել ՄԻՊ-երի ելույթների կազմմանը, խնդիրներին տեղյակ եմ, բազմաթիվ այցեր եմ ունեցել բնակարաններ, շատերիդ ճանաչում եմ և կարծում եմ, որ խնդիրները, որ կներկայացնենք, բխում են հենց այդ իրավիճակներից»,-ասաց Արման Թաթոյանը իր ելույթում:
Խոսելով սեփականության իրավունքի, սեփականության տնօրինման ազատության մասին՝ Արման Թաթոյանը նշեց․
«Օրինակ՝ Երևանի կառուցապատման ծրագրով պարբերաբար առաջ է եկել քաղաքացիների բնակարանները, շինությունները հասարակական կարիքների համար վերցնելու անհրաժեշտություն: Առանձին օրենք, որը պետք է վերաբերեր հատկապես այդ գործընթացին, այդպես էլ չի եղել, դրա բացակայության հետևանքով զանգվածաբար խախտվել են սեփականատիրոջ իրավունքները, իսկ ՄԻՊ գնահատականը եղել է բացասական»։
Ըստ պաշտպանի՝ կառուցումն իրագործելու անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում՝ անթույլատրելիորեն, անարդարացի, որի ընթացքում, ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման, անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ, և Երևան քաղաքի կենտրոնական հատվածները կենտրոնացվել են առանձին անհատների ձեռքում, Երևանի կառուցապատման հետ կապված քաղաքացիներից վերցվել են նրանց պատկանող բնակարանները, և հարյուրավոր ընտանիքներ դարձել են անօթևան:
Խոսելով օրենքի բացերի մասին՝ պաշտպանը նշեց, որ այդպես էլ չընդունվեց օրենք, որը կսահմաներ «պետական կարիք» հասկացությունը: