Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ն, «Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան» և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մեկնարկել են երկրորդ միջազգային համաժողովը՝ ուղղված ծերաբուժության խնդիրներին և Հայաստանում ծերաբուժության զարգացմանը։ Համաժողովի այս տարվա կարգախոսն էր՝ «Կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ՝ կյանքին»։
Համաժողովի ընթացքում Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից ժամանած մի շարք անվանի մասնագետներ ներկայացրել են տարեց հասակին բնորոշ հիվանդությունների առանձնահատկությունները։
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր նախագահ Արթուր Թորոսյանը։
«Տարեցները միշտ նշանակալի դեր են խաղացել հասարակության մեջ` որպես առաջնորդներ, խնամատարներ և ավանդույթի պահպանողներ: Այնուամենայնիվ, նրանք նաև շատ խոցելի են, շատերը հայտնվում են աղքատության մեջ, հաշմանդամություն են ձեռք բերում կամ բախվում են խտրականության… Հայաստանը, միջազգային չափանիշներով, ծերացող բնակչություն ունի. 2018-ին երկրում 65+ բնակչության մասնաբաժինը կազմել է 11,6 %, և, ՄԱԿ-ի կանխատեսումներով, մինչև 2050 թվականը այն կհասնի 23 %-ի… Տարեց լինելը մեր ապագան է։ Եկեք այնպես անենք, որ ունենանք հնարավորինս լավ, առողջ և պտղաբեր ապագա։ Եկեք կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ՝ կյանքին», – նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգողը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը նշել է, որ 2020-2024 թվականների ռազմավարության շրջանակներում նախատեսվում են մի շարք ծրագրեր. «Առաջինը՝ տարիների ընթացքում հրաժարվել մեծ հաստատություններից՝ տուն-ինտերնատներից անցնելով համայնքահեն փոքր տների։ Երկրորդ կարևոր ծրագիրը, որն իրականացնում ենք, այսպես կոչված, «ցերեկային ակումբների» գաղափարն է, որոնք լինելու են բազմազան՝ առողջ ապրելակերպի, ակտիվ ծերության շուրջ։ Մեկ այլ շատ կարևոր ծրագիր է սերունդների համերաշխության ակումբների գոյությունը, որի օրինակ կարող են հանդիսանալ ակումբները, որտեղ տարեցները կարող են իրենց գիտելիքները փոխանցել ՀՀ ավելի փոքր տարիքի քաղաքացիներին՝ դասապատրաստման կամ այլ միջոցներով»,- ասել է Գեմաֆին Գասպարյանը։
Ըստ ՀՀ առողջապահության փոխնախարարի՝ տարեցների մասնաբաժինը շարունակելու է աճել, և այդ պայմաններում Առողջապահության նախարարության դերակատարումը մեծանում է նոր ծրագրեր մշակելու, նոր լուծումներ գտնելու առումով, որպեսզի կարողանանք ապահովել բնակչության բժշկական ծառայությունների անհրաժեշտ ծավալը։ Առողջապահության նախարարության կողմից մշակվել է հնգամյա ռազմավարական ծրագիր, որտեղ, ի թիվս մի շարք կարևոր խնդիրների, որոնց թվում են ոչ վարակիչ հիվանդությունները, վարակիչ հիվանդությունները, մոր և մանկան առողջության պահպանումը, միաժամանակ առանձնացվել են նաև տարեցների առողջության խնդիրները և ներկայացվել են դրանց ուղղված լուծումներ։
«Մեզ համար մեծ պատիվ է արտասահմանից ժամանած մեր հյուրերի ներկայությունը, որոնք եկել են իրենց փորձը կիսելու և մեր երկրում իրենց ներդրումն ունենալու համար։ Այսօր Տարեցների միջազգային օրն է և բոլորիս մտքում կան բազմաթիվ շնորհավորանքներ, բայց եկեք այս անգամ շնորհավորանքների փոխարեն ուղղակի գործ անենք։ Եկեք ամեն պահ մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխվի տարեցների կյանքի որակը», – նշել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր նախագահ Արթուր Թորոսյանը։
Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: