2019 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է շմոլ գազից թունավորման 36 դեպք, որից 2-ը՝ մահացու ելքով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախգազ» ՓԲ ընկերության մամլո ծառայության պատասխանատու Մհեր Իսրայելյանը՝ նշելով, որ թունավորման դեպքերի արդյունքում մահացել է 4 մարդ, Տուժել՝ 77 քաղաքացի:
Նրա խոսքով՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ԱՀ-ում գրանցվել է 48 թունավորման դեպք, որից երկուսը մահացու ելքով. գրանցվել է 4 զոհ, տուժել՝ 102 քաղաքացի:
«Չնայած «Արցախգազ» ընկերության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախագուշացումներին քաղաքացիները շարունակում են չհետևել բնական գազից օգտվելու անվտանգության կանոններին: Բացում են ստուգված և ընկերության կողմից անսարք ճանաչված, կնիքված գազասարքերը, որի արդյունքում ունենում ենք դժբախտ պատահարնր: Ընկերության կողմից իրականացրած մի շարք համալիր միջոցառումների արդյունքում այս տարի պատահարների ընդհանուր թիվը նվազել է: Ընկերության աշխատակիցները տարին երկու անգամ այցելում են բաժանորդների բնակարաններ և մատուցում ներտնային ցանցի ստուգման և սպասարկման ծառայություն: Այցելություններ ենք իրականացնում նաև «104» վթարակարգավարական ծառայության միջոցով ստացված ահազանգերով: Զուգահեռ իրականացվում են նաև պայմանագրերի վերակնքման գործընթաց: Ներկայումս «Արցախգազ» ՓԲ ընկերության 29.000 բաժանորդներից 17.112-ն արդեն իսկ կնքել են պայմանագրեր»,-մանրամասնել է Մ. Իսրայելյանը:
Աղբյուրի զրուցակիցը՝ «Արցախգազ» ՓԲ ընկերության անունից խնդրում և հորդորում է, որպեսզի բաժանորդները չխոչընդոտեն ներտնային ցանցը սպասարկող փականագործների աշխատանքները, պահպանեն բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները, գազասարքերից օգտվելուց առաջ լինեն համոզված, որ օդափոխություններն ու օդանցքերը բաց են:
«Նաև իրազեկում ենք, որ համաձայն հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող 27 մարտի 2019թվականի N7-Ն որոշման ընկերությանը տրված է պայմանագրերի վերակնքման վերջնաժամկետ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը: Պայմանագրերը վերակնքելու համար «Արցախգազ» ընկերությունը խնդրում է բաժանորդներին, որպեսզի այցելեն Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղմաս, իսկ շրջաններում ապրող քաղաքացիները՝ դիմեն տվյալ տեղամասի համապատասխան կառույցներին»,-ավելացրել է Մ. Իսրայելյանը: