fbpx
Իրավական

Ընթանում է Արմեն Գևորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գույքի հարցով դատական նիստը։

Հիշեցնենք, որ հուլիս ամսին Դատախազությունը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` դատավոր Աննա Դանիեբեկյանի նախագահությամբ կայացված դատական ակտը, ըստ որի` քննիչի կողմից Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելով` խախտվել է վերջինիս իրավունքը։ Այս որոշումը կայացնելով` դատարանը, սակայն, չէր պարտավորեցրել վերացնել խախտումը, քանի որ գործն արդեն ՀՔԾ վարույթում չէր։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռևս 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Դատական նիստին ներկա են մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը, պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Վարդգես Գևորգյանը, սույն բողոքով Գևորգյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ