fbpx
Քաղաքականություն

Զախարովան անդրադարձել է Փաշինյանի՝ Արցախի մասին հայտարարությանը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստան է և վերջ»:

«Մենք ելնում ենք նրանից, որ անկասկած, կա ներքին հռետորաբանություն, կա ներքին կարգուկանոն, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների կարծիքը, հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Եվ գոյություն ունի նույն խաղաղության գործընթացը, որում կան գործընթացի մասնակիցներ, համահովանավորներ, կան խաղաղ կարգավորման հասնելու միջազգային ջանքեր: Եվ, անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն այն ընդհանուր ջանքերի համատեքստում, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ շատ դժվար է բանակցային գործընթացում վերադառնալ նախկին դիրքերին այնպիսի հայտարարություններից հետո, որոնք «կռվախնձոր» են դառնում և առաջ են բերում նոր հարցեր, որոնք կարող են փոխել հավասարակշռությունը փխրուն բանակցային գործընթացում:

«Նման հայտարարություններ, ցավոք, մենք լսել ենք և շարունակում ենք բախվել դրանց տարբեր մակարդակներում, տարբեր կողմերից: Շատ կցանկանայինք, ամենայն հարգանքով ներքաղաքական գործընթացների նկատմամբ և լիարժեք ըմբռնելով, որ քաղաքական կարգի ժողովրդավարական մոդելի դեպքում մարդիկ իրավունք ունեն ձևավորել համապատասխան քաղաքական նախադրյալներ, այնուամենայնիվ, շատ կցանկանայինք, որ բոլոր կողմերը ելնեին մի գլխավոր սկզբունքից՝ շուտափույթ խաղաղ կարգավորում»,- ասել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը շատ բարդ է և երկարատև, բայց դրանում կա ընդհանուր փոխըմբռնում՝ արագ առաջ շարժվել, հետևաբար կողմերի հայտարարությունները պետք է համապատասխանեն և նպաստեն այդ գլխավոր նպատակին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ