fbpx
Քաղաքականություն

ԱԺ այս ընտրությունները կարելի է համարել կայացած. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքներն ընդունում են և ՀՀ քաղաքացիները, և ընտրություններին մասնակցած, անգամ պարտված ուժերը, և միջազգային հանրությունը: 

Ավելին, ընտրություններին մասնակից ուժերից որևէ մեկը չի պատրաստվում արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում: Միայն ԲՀԿ-ական ռեյտինգային թեկնածուներից երկուսն են դիմել մի քանի տեղամասում վերահաշվարկի պահանջով` հայտարարելով, որ իրենց ձայները սխալ են հաշվել: Եվ եթե բացահայտվեն ընտրախախտումներ, ապա հազիվ թե դրանք մեծ ազդեցություն ունենան ընդհանուր արդյունքների վրա: Եվ ուրեմն ԱԺ այս ընտրությունները կարելի է համարել կայացած:

Հիմա շատ ավելի կարևոր է ապագան. ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս է աշխատելու նոր իշխանությունը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ առաջ ծառացած և ներքին, և արտաքին մարտահրավերները ոչ միայն չեն նվազել, այլև, ընդհակառակը, բազմապատկվել են` հաշվի առնելով այն տխուր ժառանգությունը, որ Փաշինյանի իշխանությունը ստացել է նախորդից: Այդ մարտահրավերների մասին շատ-շատ է խոսվել: Այնպես որ, այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ստացած ավելի քան 70 տոկոս քվեն իրականում պատասխանատվության շատ լուրջ բեռ է իշխանության վրա: Եւ իշխանությունն այսօրվանից պետք է ամեն ինչ անի, որպեսզի արդարացնի հասարակության ակնկալիքները: Այլապես, հիասթափության ալիքն իրեն երկար սպասեցնել չի տա:

Թեև ԿԸՀ-ն դեռ չի ամփոփել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, ըստ այդմ՝ դեռևս չի կազմավորվել օրենսդիր ու գործադիր իշխանությունները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել առաջիկայում սպասվելիք կառավարության կառուցվածքային փոփոխություններից: Մասնավորապես, քննարկվում է առաջիկայում ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության ու գիտության, նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնելու հնարավորությունը: Իսկ նորաստեղծ այդ նախարարությունը ղեկավարելու է ԿԳ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նախարարությունների թվի կրճատման մասին նոյեմբերի 20-ի իր ասուլիսում խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ապագա ղեկավար կազմը կունենա հետևյալ տեսքը՝ խորհրդարանի խոսնակ է դառնալու Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահներ կլինեն Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ թե ո՞վ կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, դեռ վերջնական որոշված չէ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ