Շատ լավ տարի ենք սկսել 2020 թվականը, քանի որ այն կառուցված է 2019 թվականի շատ լավ հիմքի վրա: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող մամուլի ասուլիսում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Արդեն հրապարակումներ եղել են, որ 11 ամիսների արդյունքներով մենք ունենք 7,5 տոկոս տնտեսական ակտիվություն, և որ քիչ կարևոր չէ, հատկապես առաջատար աճ ունի արդյունաբերությունը՝ 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 9,2 տոկոս, շինարարությունը 4,5 տոկոս, իսկ արտահանումն աճել է 9 տոկոսով»,-նշեց նախարարը:
Խաչատրյանի խոսքով՝ սա նշանակում է, որ արդեն կարող ենք ասել, որ 2019-ին կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ։
«Սա շատ կարևոր ձեռքբերում է»-հավելեց նա։
Նա անդրադարձավ նաև զբաղվածության խնդրին՝ նշելով, որ զբաղվածությունն, ըստ պաշտոնական թվերի, ունի 40 հազարով աճ:
«Ըստ ոլորտների դա բաժանվում է հետևյալ կերպ. «5300-ը վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, 12 400-ը՝ մեծածախ և մանրածախ առևտրին: 4300 աշխատատեղեր ավելացել են կացության և հանրային սննդի ոլորտում, 2300-ը՝ կապի և տեղեկատվության, 2100-ը՝ ՏՏ ոլորտում և 2700-ը՝ այլ ծառայություններում»,-ասաց Խաչատրյանը: