Զելենսկին քննադատվել է Դոնբասի հարցով կնքված բանաձևի պատճառով

Ուկրաինայի նախկին ղեկավար Պետրո Պորոշենկոն կոշտ քննադատության է արժանացրել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ ռուսամետ անջատողականների հետ հատուկ կարգավիճակի մասին բանակցային ծրագիր ստորագրելու համար: Պորոշենկոյի կարծիքով՝ Ուկրաինան նման գործարքից կարող է պարտված դուրս գալ։

«Հինգ տարի աշխարհը սատարոմ էր Ուկրաինայի դիրքորոշումը, իսկ այսօր մեր դաշնակիցները լսում են բարձրացող Ռուսաստանի ձայնը: Դա պետք է փոխվի»,-ասել է Պորոշենկոն։

Իշխանության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ որևէ պարտության կամ երկրի շահերի դավաճանության մասին խոսք գնալ չի կարող:

«Ես հանդիպել եմ նախագահին, քննարկել դավաճանության մասին լուրերը, որոնք տարածվում են լրատվամիջոցներում, ֆեյսբուքում և ամենուր:

Նման բան չկա․ նախագահը երաշխավորում է, որ որևէ դավաճանություն չկա», – հայտարարել է խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:

«Շտայնմայերի բանաձև» անվան տակ հայտնի համաձայնագիրը, որը Ուկրաինայի իշխանությունները ստորագրել են ռուսամետ անջատողականների հետ, նախատեսում է խաղաղության հաստատում, հատուկ կարգավիճակ և ընտրություններ Դոնբասի որոշ շրջաններում:

2016-ին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանք Ուալթեր Շտայնմայերը, որն այսօր այդ երկրի նախագահն է, առաջարկել էր հակամարտության կարգավորման հետևյալ տարբերակը՝ ընտրություններ Ուկրաինայի անջատողական շրջաններում Ուկրաինայի օրենսդրության շրջանակներում և ԵԱՀԿ-ի հովանու ներքո, որրնց ազատ ընթացքից հետո այդ շրջանները կստանան ինքնակառավարման կարգավիճակ, իսկ Ուկրաինային կվերադարձվի վերահսկողությունն իր արևելյան սահմանի նկատմամբ:

Ամենաթարմ