Ապրիլի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն:
Նախագահ Մակրոնի հետ մոտ կես ժամ տևած հանդիպումից հետո Զելենսկին միայն հայտարարել է, որ քննարկումները, որոնք վերաբերում էին նաև ուկրաինական հակամարտության կարգավորմանը, «կառուցողական էին»:
Պորոշենկոյի հանդիպումը Մակրոնի հետ տևել է մոտ մեկ ժամ: Ուկրաինայի գործող նախագահը հայտարարել է, որ Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են «նորմանդական ձևաչափի» շրջանակում հանդիպում անցկացնել:
Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման շփումները թույլ կտան նախապատրաստել «ֆրանս-ուկրաինական հարաբերությունների և եվրոպական անվտանգության հարցերով համատեղ աշխատանքների ապագա փուլերի զարգացումը»: