Մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե վերջերս Ադրբեջանում իրականացվող ֆլեշմեբերն ու Շուշին գրավելու մասին հայտարարությունները որքանով են վտանգավոր, նշեց, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները:
«Վերջերս իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երևանում, բայց իրականում նա առաջին գիծ գալով փախուստի էր դիմել մեր զինվորների կողմից վերահսկողության տակ հայտնվելուց հետո»,– հայտնեց նա։
Խոսելով ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, նա ասաց, որ այդպիսով հնարավորություն կտրվի անցյալում առաջ եկած խնդիրները լուծել. «Մինչև Ապրիլյան պատերազմը ընդհանուր առմամբ պատկերացում կար, որ գոնե անվտանգության հարցում մենք մեծ խնդիրներ չունենք, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ունենք լուրջ խնդիրներ և հենց հանձնաժողովի քննությունը հնարավորություն կտա բարձրացնել բոլոր խնդիրները, որոնք եղել են այս ժամանակ, լուծում տալ այդ խնդիրներին և որ այլևս չհայտնվենք այդպիսի իրավիճակում»։
Լրագրողները նաև հարցրին, թե ինչ զգացողություններ ուներ ԱԽ քարտուղարը, երբ Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառմանը կանգնած էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, որին մեկ տարի առաջ մերժում էր:
Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ես նրա կողքին չէի կանգնած, միջոցառում էր, որին 2-ս էլ ներկա էինք, բնականաբար զգացողություններն ոչ ստանդարտ էին»։