Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս էպոպեայի ողջ ընթացքում որևէ իրավական հիմնավորում չբերվեց, թե ինչու պիտի ՍԴ այս դատավորներն ուղարկվեն «վաստակած» հանգստի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այո, այս նախագծով դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը, դուք մարդկանց, ում համարում եք հանցագործ, պարգևատրում եք հսկայական գումարներով. սա ալոգիկ է, սա տրամաբանական չէ, այստեղ իրավական որևէ մոտիվացիա չկա, սա ամբողջապես քաղաքական պրեսինգ է, քաղաքական գործիք է մի կառույցի վրա, որի հետ իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել դուք չեք կարողանում և գնում եք քաղաքական այս գործարքի ճանապարհով»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց նաև, որ ԲՀԿ-ի տեսակետը մնում է անփոփոխ: Նրա խոսքով՝ ողջ ընթացքում իրավական հիմնավորում չի հնչել, հնչել է բացառապես քաղաքական հիմնավորում՝ դուք մեր դուրը չեք գալիս, դուք պետք է գնաք։
«Սա հակաժողովրդավարական է, սա հակասում է ձեր իսկ հռչակած թավշյա հեղափոխության ժողովրդավարական արժեքներին, որ այլևս որևէ դատարանի վրա քաղաքական պրեսինգ չի լինելու, ուստի ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու»,-ընդգծեց պատգամավորը: