fbpx
Խորհրդարան

Ինչ նոր փոփոխություններ կան բուքմեյքերական գրասենյակների մասին նախագծում. քննարկում ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելու մասին նախագիծ: Նախագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և Նաիրա Զոհրաբյանը:

Այն ընդունվել էր առաջինժ ընթերցմամբ, սակայն դրանում փոփոխություններ են կատարվել։ Այսօր ԱԺ ամբիոնից Ալեն Սիմոնյանը ներկայացրեց նախագծում կատարված փոփոխությունները, որոնք են.

խաղասրահի տարածքը չի կարող գերազանցել 200 քմ-ն,

խաղասրահներում պարտավոր են ստուգել անձի չափահաս լինելը,

խաղասրահներում պարտավոր են ստուգել՝ ամուսինը անձին դատարանով արգելե՞լ է խաղասրահից օգտվել, թե՞ ոչ,

կանոնների խախտումների դեպքում բուքմեյքերական կետերը կարող են ընդհուպ զրկվել լիցենզիաներից,
բուքմեյքերական կետերի քանակը սահմանափակվելու է՝ մեկական՝ մարզերում ու Երևանի վարչական շրջաններում, ինչպես նաև 4 զբոսաշրջային քաղաքներում,

իսկ լցակայաններում խաղային ապարատների ընդհանրապես արգելումն ուժի մեջ կմտնի 6 ամսից։

Արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերի 1-ից։

Խոսելով նախագծի մասին Սիսակ Գաբրիելյանը նշեց. «Սա հեշտ չի լինելու, մի քիչ նեղսրտած եմ. կարծում եմ՝ ինչ խոստացել ենք, չենք անում»:

«Խոստացել էինք բուքմեյքերական գրասենյակները փակել, բայց բուքմեյքերական գործող չորս ընկերություն կա, այսինքն՝ Երևանում քառասուն գրասենյակ կգործի: Դա էլ է բավական, որ մարդիկ տուն-տեղը կրվեն, ընտանիքները քանդվեն, ուստի պարոն Սիմոնյան, մտածեք, այդ ընկերությունները կարող են մասնատվել և էլի գրասենյակներ բացել»,-նկատեց Սիսակ Գաբրիելյանը:

Ալեն Սիմոնյանը պարզաբանեց. «Որպեսզի կազմակերպությունը գրանցվի, շատ մեծ ծախսեր են պետք: Նոր լիցենզիան շատ ծախսատար է, իսկ դուստր ձեռնարկություն գրանցելու իրավունք բուքմեյքերական կազմակերպությունը չի ունենալու: Այս օրենքն 80 տոկոսով կրճատելու է բուքմեյքերական գրասենյակների թիվը»:

Արձագանքեց նաև «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ասելով, որ քանի դեռ առցանց հարթակում խաղամոլության դեմն առնելու լուծումը չեն գտել, մեկ զարկով միանգամից ամեն ինչ արգելել հնարավոր չէ:

«Կառավարության մեր գործընկերների հետ համատեղ պետք է գտնենք արդյունավետ կոմպլեքս լուծման ուղիներ, որպեսզի նախ օնլայն տիրույթում խաղամոլության հարցը լուծվի հնարավորինս արդյունավետ, ու դա լուծվի հավասարակշռված ձևով։ Այսինքն՝ էնպես չանենք, որ մարդիկ խաղան, բայց խաղան օտարերկրյա, արտասահմանյան կայքերում», – ասաց Թունյանը։

Հակառակ դեպքում, ըստ Թունյանի, կստացվի, որ ոչ խաղամոլության դեմ պայքար եղավ, ոչ էլ օգուտ տվեցին, իսկ փողը երկրից դուրս կգնա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ