ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հինգշաբթի զրույց կունենան։ Չորս ամսվա ընթացքում նրանց առաջին զրույցը տեղի կունենա Թայվանի շուրջ նոր լարվածության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնական աղբյուրը:
Երկու առաջնորդների միջև նախատեսված բանակցությունները՝ հինգերորդը կանոնավոր հանդիպումների շարքում, նախապատրաստվում էին մի քանի շաբաթ:
Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցի հնարավորությունը նոր լարվածություն է հաղորցել բարդ հարաբերություններին, նշում են ԶԼՄ-ները:
Չինաստանի կառավարությունը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ «կոշտ գործողություններ» կձեռնարկի, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան։
Դեմոկրատական կուսակցության առաջնորդի այցը Թայվան հետաձգվել էր ապրիլին՝ COVID-19-ի դրական թեստից հետո։ Մինչդեռ Չինաստանը հայտարարել է, որ այդ այցը լրջորեն կազդի չին-ամերիկյան հարաբերությունների վրա։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Փելոսիի այցը «լրջորեն կխաթարի Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

