Հայկական արմատներ ունեցողները գիտեն, թե թուրքերն ինչ են անում Սիրիայում։ Հայերը գիտեն, որովհետև բերնեբերան, սերնդեսերունդ պատմված ճշմարտություններից գիտեն, թե ինչ է լինում, երբ թուրքերը գործի են գցում իրենց զինուժը։
Սրանք խոսքերն են Chicago Tribune ամերիկյան լրատվամիջոցում հրապարակված հոդվածից, որում խոսվում է քրդերի ներկա վիճակի մասին, որոնց սպառնում է թուրքական կանոնավոր բանակը։ Հոդվածը զուգահեռներ է անցկացնում թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության և թուրքերի կողմից Սիրիայում քրդերի դեմ գործողությունների միջև։
Հոդվածի հեղինակ Չառլս Սելլեն (Chicago Tribune) հիշեցնում է ցեղասպանության զոհերի, բռնի տեղահանվածների մասին ու նշում, որ թուրքերը հերքում են այդ ամենը․ նույնը, ինչ անում են քրդերի դեմ գործողությունների ընթացքում։ Հոդվածագիրը պնդում է, որ այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ իշխանությունների, նախագահ Դոնալդ Թրամփի կողմից խնդրի անտեսման հետևանքով։

