Կառավարության այսօրվա նիստում միաձայն ընդունվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդ նախագծի էությունն այն է, որ հերթապահություն իրականացնող զինվորական ծառայողից պարտատիրոջ հաշվին գանձվի ոչ ավելի, քան 10 տոկոս գումար: ԱԺ պատգամավորին առաջարկել են այլընտրանքային տարբերակ, այն է՝ սահմանվի 30 տոկոսի չափով, բայց նաև լինեն մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի հաստատել ծառայություն իրականացնելու հանգամանքը: Առաջարկը քննարկվել է նախարարական կոմիտեում, որին ներկա է եղել նաև Սերգեյ Բագրատյանը, և այդպիսի փոփոխությամբ այն դրական եզրակացություն է ստացել, քանի որ Սերգեյ Բագրատյանը համաձայն է եղել այլընտրանքային այդ տարբերակին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն մտահոգություն հայտնեց, որ կարող են լինել տեխնիկական հարցեր՝ ալիմենտների և դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու մասով, ինչին Զեյնալյանը արձագանքեց.
«Մենք անդրադարձել ենք նաև դրան, որ հավասարակշռություն լինի, երեխայի լավագույն շահերը չտուժեն, որ զինվորական ծառայություն իրականացնելու, առաջնագծում հերթապահելու և երեխայի լավագույն շահերի միջև հավասարակշռություն լինի. այդ հարցն արդեն կարգավորել ենք»: