Այսօր Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը։ News.am-ի հետ զրույցում համայնքի համայնքապետ Արկադի Թամազյանը նշել է, որ գլխավոր պատճառը այն է, որ բնակիչները համաձայն չեն, որ Ախթալայի ԼՀԿ հողով բարձված բեռնատարները հող տեղափոխեն «Նահատակ» պոչամբարի տարածք և բարձրացնեն պոչամբարի պատվարին։
Արկադի Թամազյանը նշեց, որ ճանապարհը այժմ բաց է և հավելեց,- «7 մեքենա կանգնել էին։ Ես հանդիպել եմ բնակիչներին։ Այս հարցը պետք է տնօրինության հետ քննարկվի, այնուհետև վերջնական որոշման կհանգենք։ Պոչամբարն իր ունակությունների չափով լցված է։ Եվ բնակիչները ուզում են հասկանալ, թե երբ այդ հարցը կլուծվի ու երբ այդ գործընթացը կսկսվի։ Կոմբինատը հող էր տեղափոխում՝ պոչամբարում աշխատանքներ կատարելու համար։ Այս պահին որևէ աշխատանք չի արվում, մինչև հստակ որևէ որոշում չկայացվի։ Բնակիչների հիմնական խնդիրն այն է, որ ծանր տեխնիկան է անցնում իրենց ճանապարհով, ինչպես նաև՝ պոչամբարի խնդիրն է։ Պոչամբարն էլ որքան ժամանակ կգործի կամ կփակվի դա էլ քննարկման փուլում է»

