Իսպանիայում 14-րդ դարում գրված ձեռագիր Աստվածաշունչը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 6,9 միլիոն ԱՄՆ դոլարով, հայտնել են Sotheby’s աճուրդի տնից:
Ըստ pravilamag-ի՝ Ռաբբի Շեմ Թով իբն Գաոնն 800 էջանոց Աստվածաշունչն ավարտել է 1312 թվականին Սորիա քաղաքում։ Մասնագետներն այն անվանում են «աստվածաշնչյան և կաբալիստական գիտությունների ակնառու աշխատանք և սեֆարդական գրքային արվեստի միջնադարյան ավանդույթի թանկարժեք վկայություն»:
Գիրքը շքեղ զարդարված է, և դրա ձևավորումն արտացոլում է ոչ միայն քրիստոնեական, այլև հրեական և մահմեդական գեղարվեստական ավանդույթները:
Տարիների ընթացքում Աստվածաշունչը եղել է մասնավոր հավաքածուներում և հայտնվել Երուսաղեմում, Բաղդադում, Տրիպոլիում, Լոնդոնում և Ժնևում: Այժմ այն մտադիր են հանրային ցուցադրության ներկայացնել։
Sotheby’s-ից հայտնել են, որ թեև գիրքը կրկին գնել են մասնավոր անձինք, սակայն, գիտակցելով դրա անհավանական կարևորությունը, նրանք անհամբեր սպասում են այն հանրմատչելի դարձնելուն:
