Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը և նրա ընկերուհին՝ Խիսկա Մարիա Պերելյոն, 14 տարվա ընկերությունից հետո որոշել են ամուսնանալ: Այս մասին հաղորդում է Hola-ն:
Զույգի հարսանյաց արարողությունը կայանալու է 2019 թվականի աշնանը, Նադալի ծննդավայրում՝ Մալյորկայում: Աղբյուրը գրում է, որ 32-ամյա Նադալը և 30-ամյա Խիսկան նշանադրվել են դեռևս անցյալ տարի, Հռոմում:
Ավելի վաղ խոսելով ամուսնության մասին՝ Նադալը նշել էր, որ այս հարցում չի շտապում.
«Լիարժեք ընտանի՞ք: Նման բաները դժվար է կանխատեսել: Նախկինում մտածում էի, որ այս տարիքում արդեն թոշակի անցած կլինեմ, կունենամ երեխաներ, սակայն կյանքս այլ ընթացք ունեցավ:
Ինձ համար ընտանիք ունենալ նշանակում է ավելի պատասխանատու կյանք վարել: Կգա ժամանակը, և ես համապատասխան որոշում կկայացնեմ, և դա կլինի առանց որևէ սթրեսի»,- Նադալի խոսքը մեջբերված է Marca-ից:
Հաղորդում է armsport.am-ը։