Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Լուսինե Ավետիսյանը հայտնել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից, եթե որևէ առևտրային կենտրոն շարունակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ապա 30 հազար դրամի վարչական պատասխանատվության կենթարկվի։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հանրային ռադիոյից։
Աղբյուրը փորձել է ճշտել, թե ինչ այլընտրանքներ կան պոլիէթիլենային տոպրակներին։
Օրինակ, «Յունիսթրիս ինթենեյշնալ» ընկերությունն առաջարկում է վերոնշված տոպրակների փոխարեն կենսաքայքայվող տոպրակներ։ Այս ընկերության հիմնադիր Ավետիս Վարոսյանն ասել է, որ իրենց արտադրած այդ տոպրակները մինչև 15 կիլոգրամ տարողունակություն ունեն և կարող են օգտագործվել 1 ամսվա չափով, իսկ դրանից հետո կարելի է ուղղակի թեյնիկով ջուր եռացնել ու տոպրակը դնել դրա մեջ, որից հետո այն կքայքայվի՝ առանց ջրին վնաս հասցնելու։ Վարոսյանը նշել է, որ իրենց տոպրակներն արժեն ընդամենը 700 դրամ։
Այլընտրանք է առաջարկում նաև «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն՝ Recycle It ծրագրի շրջանակում։ ՀԿ-ի նախագահ Մխիթար Ավետիսյանն ասել է, որ նրանք վերամշակում են պլաստիկը, դրանից թելեր ստանում, որից էլ արդեն կարում են էկո պայուսակներ, որոնք կարող են փոխարինել պոլիէթիլենային տոպրակներին։ Ավետիսյանի խոսքով՝ պայուսակները կոդեր ունեն, որոնցով կարելի է բոնուսներ ստանալ, կամ էլ զեղչեր՝ տարբեր խանութներում։